?

Log in

No account? Create an account

Previous Entry Share Next Entry
ՄԱՐԿ ԱՐՅԱՆ
armenavag
http://www.azg.am/AM/2005120910
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 2005-12-09


ՄԱՐԿ ԱՐՅԱՆ. ԵՐԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐԿԱՐ ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ
Վերջին շրջանում ռադիոյով վերականգնվել ու հաղորդվում են անցյալ դարի 60-80-ական թվականներին Բելգիայում ստեղծագործած էստրադային երգիչ Մարկ Արյանիՙ նույն ինքը Հարություն-Անրի Մարգարյանի (1935-1985 թ.թ.) երգերը, լրատվամիջոցները որոշ տեղեկություններ են տալիս նրա մասին, մի երգչի, որի կենդանության օրոք վատաբարո մարդիկ նրա անվանը հյուսեցին բազում հերյուրանքներ ու զրպարտանքներ, որը եւ գուցե պատճառ դարձավ նրա վաղաժամ մահվան. ու սիրտը դադարեց բաբախելուց 50 տարեկանում:
Ժողովուրդն ասում էՙ մախաթը ջվալում չես պահի երկար: Բայց մեր անարգ լռությունը այդ մախաթը պահեց երկար. սկսած 1968 թվականից մինչեւ վերջերս, մի երկար ժամանակահատված, երբ չար ուժերը ջնջեցին Մարկ Արյանին. կարծես չի եղել մարդը, չի եղել երգիչը:
...1968 թվականի աշնանային այդ օրը շատ լուսավոր էր, երբ Մոսկվայից ժամանող ինքնաթիռը Երեւան բերեց Մարկ Արյանին: Օդանավում շատ ուղեւորների մեջ էր աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը, որին էլ ինքնաթիռում ներկայացրել էին Մարկ Արյանին, եւ նույն օրը հյուրանոցում տողերիս հեղինակին Մարկ Արյանըՙ Ֆրանսիայում ծնված ու մեծացած երիտասարդը, որը բեյրութցի ծնողների զավակ է, մաքուր արեւմտահայերենով ասում էր. «Իմ կյանքի մեծագույն, երջանիկ պահն էր մեծ գիտնականի հետ ծանոթանալը: Աստծո կամոք էր, որ ես այդ օդանավն ընկա եւ ոչ թեՙ մեկ ուրիշը»:
Մենքՙ դիմավորող լրագրողներս օդանավակայանում գրեթե չշփվեցինք նրա հետ. «շրջապատը» թույլ չտվեց, «Արմենիա» հյուրանոցում էլ, ուր նա իջեւանել էր, դարձյալ նույն «շրջապատն» էր, բայց մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ լրագրողներից միակը հայտնվեցի պինդ փակված դռնից ներս ու հապճեպ հարցազրույց վարեցի:
Հարցերիս պատասխանեց ուրախությամբ, ժպտալով, սիրով, առանց հաշվի առնելու, որ իր հետ եկել են եղբայրը, քույրը, մայրը, եւ նրանք հոգնած են:
Այն ժամանակ մեր ժուռնալիստական «զենքը» ծոցատետրն ու գրիչն էին: Ու զրույցի ժամանակ մի գրիչ ընծայեց ինձ, որի վրա գրված էր լատիներենՙ «Մարկ Արյան»: Ուրախ նվեր էր. հիշենք, այդ տարիներին գրիչ էլ չունեինք, որովհետեւ միայն ծանր-ծանր հաստոցներ արտադրելով էինք զբաղված:
Բայց ես ձայնասկավառակներ էի ուզում նվեր ստանալ: Գուցե եւ դրանք հասցնել ռադիո, մինչեւ նվագելը...Այդպես հետագայում ես տարբեր առիթներով ռադիո եմ հասցրել հարավսլավացի երգչուհի Ռադմիլա Կարակլայիչի եւ ֆրանսիացի Սալվատորե Ադամոյի դեռ չնվագված ձայնասկավառակներն ու ձայներիզները, բազում շնորհակալություններ ստանալով ռադիոյից:
Մարկ Արյանն ինձ ընծայեց երեք ձայնասկավառակ: Մեկի վրա «LA CHANSON DU AVEUGLE» եւ «LE CLOCHER» երգերն էին, մյուսի վրաՙ «PARCE QUE T, AIME» եւ «ANGELINA», երրորդի վրա «MA PETITE CHANSON» եւ «VOLA-GE...VOLAGE...» երգերը: Դժբախտաբար, վերջինը կորցրել եմ, պահպանվել է միայն նրա շապիկը, որի վրա Մարկ Արյանը մակագրել է. «Վանիկին, Մարկ Արյան»: Մակագրություն է արել նաեւ «Անջելինա» երգի ձայնասկավառակի վրաՙ «Իմ բարեկամ Վանիկին, Մարկ Արյան» եւ մի լուսանկարի վրաՙ «Իմ լավ բարեկամ Վանիկին»: Տեսնու՞մ եք. ընծայագրերն աստիճանաբար «տաքացել» էին: Լուսանկարը տվել է ոչ թե հյուրանոցում, այլ «Դինամո» մարզասրահում, համերգի ընդմիջման ժամանակ:
Մարկ Արյանը, իրոք, մեծություն է: Ես հիշում եմ, թե ինչպիսի հրաշալի հոդված գրեց «Սովետական արվեստ» ամսագրում հայտնի երաժշտագետ, հանգուցյալ Ցիցիլիա Բրուտյանը: Անդրադառնալով Ազնավուրի ու Մարկ Արյանի արվեստին, Բրուտյանը համեմատություն չարեց բոլորովին, պարզապես իրավամբ նշեց, որ եթե Ազնավուրի երգերը գալիս են Սայաթ-Նովայի արմատներից, ապա Մարկ Արյանինըՙ Կոմիտասի ակունքներում են:
Այո, Մարկ Արյանի երգերում իշխում են քնարականությունը, հուզումնալից աշխարհը. այդ երգերը շռնդալից չեն, մեղմ են ու սիրտ շոյող:
Երգիչն ասաց, որ երգելուց բացի եկել է հայրենիքը տեսնելու, մանավանդ, որ առաջին այցելությունն էր, պիտի հաջորդեին նաեւ հետագա այցելությունները, եւ որ Երեւանը տոնում էր իր հիմնադրման 2750-ամյակը: Մարկն էլ մասնակցեց այդ հանդիսություններին, ուրախությամբ ելույթ ունենալով ե՛ւ Հանրապետական մարզադաշտում, ե՛ւ հեռուստատեսությամբ:
Սակայն մարդուՙ հայրենի հողին ոտք դնելուց սկսած ծավալվեցին չարախոսությունները: Նախ մեղմըՙ ո՞վ է նա Ազնավուրի կողքին: Անհիմն համեմատություն, որովհետեւ նրանք բոլորովին տարբեր էին ե՛ւ որպես անձնավորություններ, ե՛ւ որպես արվեստագետներ: Այդ հիմա է, որ ով ասես, կգա, սրահը կվարձի, կերգի: Այն ժամանակ այդպես չէր:
Տեսնեիք, թե ինչպիսի հաստագլուխներ էին նստած լրատվամիջոցներում: Առաջինը հենց նրանք տարածեցին «դիտմամբ չես հորինի», ինչպես կասեր Մոսկվայի «Կրոկոդիլ» հանդեսը, զրպարտանքները: «Եղբորը վռնդել են Հայաստանից, որովհետեւ գորգի առեւտրով է զբաղվել», «Էն գլխինը իր մազերը չեն, պարիկ է»: «Ինչո՞ւ է Ստամբուլի մասին երգ գրել, Երեւանի մասինՙ ոչ»: «Ինչու՞ է երգել Ստամբուլում, մեր թշնամի թուրքի քաղաքում»: Դե, հիմա եկեք ու այդ մարդկանց հարց տվեքՙ «Երեւանի օպերային թատրոնի բալետի խումբը ինչու՞ է պարել Ստամբուլում», «Քանի՞ առեւտրական ու մարմնավաճառ ունենք Ստամբուլում»...Գնալուց հետո էլ ասեկոսեներին վերջ չկար. «Թուրք կին է առել», «Թուրքահպատակ է դարձել» եւ այլն, եւ այլն:
Մարկ Արյանն այլեւս չեկավ հայրենիք, որովհետեւ նրաՙ հայրենիքից մեկնելուց հետո էլ երկար տարիներ շարունակ չէին դադարում նրա հասցեին բամբասանքները եւ հայրենիքում, եւ սփյուռքում: Շուտով եկավ նաեւ նրա երգերը ռադիոյով հաղորդելու արգելքը:
Ու Մարկ Արյանին ջնջեցին Հայաստան երկրի երեսից:
Բայց մախաթը ջվալում չմնաց, ծակեց, դուրս եկավ: Անցած գարնան ինձ մոտ եկավ իմ նախկին ուսանողուհի, «Հայլուրի» տաղանդավոր լրագրող Սուսան Բադալյանը ու խնդրեց պատմել Մարկ Արյանի մասին: Ես սիրով, ուրախությամբ կատարեցի նրա խնդրանքը, եւ Սուսանը Մարկ Արյանի մասին մի լավ հաղորդում պատրաստեց, որը եւ հաղորդվեց:
Իսկ 1969 թվականին, երբ իրերի բերումով Բեյրութում էի, ես իմՙ խորհրդային մարդուն տրված սուղ միջոցներով ոչ թե «ջինս» գնեցի, այլ Մարկ Արյանի ձայնասկավառակը, որի վրա գրված են նրա երկու երգերըՙ «UN PETIT MARI» եւ «MERCI»: Այն, ինչպես նաեւ նախորդ հիշատակածս ձայնասկավառակները, սրբությամբ պահում եմ մինչեւ այժմ:
Մարկ Արյանը վերադառնում է:
Հարգանք իր անվանն ու հիշատակին...
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, «Արմենպրեսի» մշակութային հարցերով լրագրող, «ԱԶԳԻ»-ի համար